«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Սուտ է, թե ընդդիմությունը միասնական չի գործում»

«Սուտ է, թե ընդդիմությունը միասնական չի գործում»
30.10.2015 | 22:44

«Ազատության» հրապարակում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՜ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության «Ոչ»-ի հանրահավաքը:
Հանրահավաքում Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ նոր սահմանադրությունը Հայաստանի որևէ հիմնախնդիր չի լուծում և «մոգոնվել է» միայն իշխանության վերարտադրման համար: «Այս ռեժիմը տարիներ շարունակ թամբել ու թամբած է պահել մեզ, հիմա եկել է մի պահ, որ պետք է կարողանանք ապացուցել, որ մենք ենք իրենց թամբողը: Իհարկե, ազատությունը հենց այնպես չի տրվում, դրա համար պետք է կարողանանք ձևավորել առնվազն 4000- հոգանոց աշխարհազոր ու վերահսկել հանրաքվեն»,- ասաց նա: Ըստ նրա՝ իշխանությունը հույսը դրել է, որ կաշառքով, կեղծիքներով ու սպառնալիքներով կկարողանան անցկացնել նոր սահմանադրությունը, բայց հենց այդ ամենի դեմ պետք է պայքարեն աշխարհազորայինները: «2000 տեղամասերում պետք է առնվազն երկու հոգի կարգին մարդիկ աշխատեն, քվեարկության օրը բոլոր տեղամասերում պետք է լինի վերահսկողություն քաղաքացիների կողմից, այլապես լինելու է այն, ինչ եղավ 2005-ին»,-ասաց նա:
Հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում: «Այն քարոզչությունը, որ տարվում է իշխանության կողմից, թե ընդդիմությունը տարանջատված է գործում, ամբողջովին հերյուրանք է: Եվ «Նոր Հայաստանը», և «Չե՜ք անցկացնին» և «Ոչ»-ի միասական շտաբը, բոլորս միասին համախմբված աշխատում ենք: Իրար հետ կոնսուլտացիաների մեջ ենք, գործողություններն իրար հետ համադրում ենք, ընթանում ենք միասնական գործողությունների ճանապարհով»: Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իրենք մեկը մյուսի դեմ չեն գործում: «Մեկս մյուսի հաշվին միավոր չենք կորզում, մենք ուզենք-չուզենք միասնական ենք լինելու, որովհետև որպես ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչ քիչ ենք մնացել»,- ասաց նա: «Ժառանգության» փոխնախագահը նշեց, թե իշխանությունը բացահայտ իր ադմինիստրատիվ մեխանիզմներն է օգտագործում: Արմեն Մարիտիրոսյանի խոսքով՝ իրենք «Ոչ»-ի երիտասարդների հետ համատեղ աշխատելու են տեղամասերում միասնական գործություններ իրականացնելով, որը սկսելու են դեկտեմբերի 1-ից: «Ո՜չ հանցավոր ռեժիմին, ո՜չ Սահմանադրությանը»,- եզրափակեց նա:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը հանրահավաքում հայտարարեց, որ սահմանադրության փոփոխությունը նախաձեռնվել է իշխանության վերարտադրության նպատակով: «Եթե մինչ օրս իշխանությունը ձևավորվում էր ընտրություններից ընտրություններ, կեղծիքների միջոցով, նոր սահմանադրության պարագայում ընտրությունները դառնալու են ամբողջությամբ ձևական գործընթաց: Վերջնականապես երկրում կհաստատվի հակասահմանադրականությունը: Մեր երկրի փոքրության պայմաններում մենք կարող են գոյատևել միայն այն դեպքում, երբ ազգի յուրաքանչյուր անդամ կլինի երկրի լիիրավ տերն ու պաշտպանը»,- ասաց նա: Վարուժան Ավետիսյանն ընդգծեց, որ նոր սահմանադրության հանրաքվեն իրական ընդդիմության համար իսկական առիթ ու պատճառ է միավորվելու և երկրում սահմանադրականություն հաստատելու համար: «Պատճառ է, որովհետև նոր սահմանադրությունը մարտահրավեր է մեր պետականության լինել-չլինելուն»,-ասաց նա: Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց «Ոչ» երկրորդ ճակատի՝ «Նոր Հայաստանի» մասին, որը դեկտեմբերի 1-ից սկսելու է անհնազանդության քայլեր իրականացնել:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ